AM
2 Սեպտեմբեր 2025 - 08:46 AMT

Քննարկվել է ԱԲ տվյալների կենտրոնի նախագծի ընթացքը, առաջացած խնդիրները

Սեպտեմբերի 1-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։

Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի շրջանակում արդեն իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ռազմավարական և տեխնիկական հրատապ բնույթ ունեցող մի շարք հարցեր, որոնք ի հայտ են եկել նախագծի իրագործման ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնի կառուցման համար լավագույն վայրի ընտրությանը, այդ վայրում ենթակառուցվածքների առկայությանը, ինչպես նաև կայուն էլեկտրամատակարարման ապահովմանը վերաբերող ընթացիկ խնդիրներին։

Քննարկման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ նման մասշտաբի նախագծի հաջող իրագործման համար կարևոր է բոլոր աշխատանքների համակարգված կատարումը՝ ընդգծելով տվյալային կենտրոնի առանցքային դերը՝ Հայաստանի տեխնոհանրության և էկոհամակարգի հետագա աճի համատեքստում։

Ծրագիրը ենթադրում է մոտ 500 միլիոն դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։

Քննարկման ավարտին կողմերը համաձայնության են հասել մի շարք լուծումների շուրջ և ձեռք բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերը արդյունավետ պլանելու և նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ Վահագն Մուղնեցյանը։