Հայաստանում էլեկտրամոբիլներ ունեցող քաղաքացիները կկարողանան լիցքավորել իրենց մեքենաները՝ առանց լիցքավորման կայանի համար առանձին բաժանորդային պայմանագիր կնքելու։ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի համահեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը և Ալեն Սիմոնյանը, արժանացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը և շուտով կքննարկվի լիագումար նիստում։
Օրինագծի համաձայն՝ եթե քաղաքացիների տներում լիցքավորման արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում թույլատրելի բեռը (10 կՎտ) և չի առաջացնում էլեկտրական անջատիչի անջատում, ապա հնարավոր կլինի լիցքավորում կատարել՝ առանց նոր հաշվիչ տեղադրելու։ Սա նշանակում է, որ լիցքավորումը կարելի է իրականացնել առկա հաշվիչի միջոցով, հայտնում է Sputnik Արմենիան։
Նույն դրույթները տարածվում են նաև բիզնեսի վրա․ խանութներ կամ սրճարաններ ունեցող ձեռնարկատերերը ևս կկարողանան տեղադրել լիցքավորիչ՝ առանց նոր պայմանագրի անհրաժեշտության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ուշադրություն է հրավիրել այն խնդրին, որ նախագծով չի լուծվում բնակարաններից ավտոտնակներ անցկացվող ինքնակամ միացումների հարցը։ Նրա խոսքով՝ բակերում շատ դեպքերում էլեկտրալարերը պատահականորեն են անցկացվում, ինչը վտանգ է ստեղծում բնակիչների համար։ Ավետիսյանը հորդորել է այս հարցը ևս ներառել օրենսդրական փաթեթում։
Բացի այդ, օրինագիծը հստակեցնում է 2018–2022 թվականներին կառուցված մինչև 500 կՎտ հզորությամբ ինքնավար էլեկտրակայանների կարգավիճակը։ Նոր դրույթներով, այժմ նման կայանների առավելագույն թույլատրելի հզորությունը սահմանվում է 150 կՎտ։






