«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նոր օրինագծով առաջարկվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված ու կազմված բոլոր փաստաթղթերը պահպանվեն բացառապես էլեկտրոնային ձևաչափով։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախագիծը։
Բանախոսը շեշտել է, որ օրինագծի ընդունման դեպքում զգալիորեն կաճի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը, ինչը թույլ կտա նվազեցնել թղթային արխիվների անհրաժեշտությունը։
Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում։ Ըստ այդմ՝ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու հիմնական միջոցը պետք է դառնա Կադաստրի պետական ռեգիստրի պաշտոնական կայքի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակներում դիմելը դիտարկվի որպես բացառություն՝ օրենքով հստակ սահմանված դեպքերում։
Փաստաթղթերի ներկայացման գործընթացում ևս նախատեսվում է փոփոխություն՝ օրենքով սահմանվելու է կարգ, ըստ որի Կադաստրի կոմիտե ներկայացված թղթային փաստաթղթերը պետք է վերափոխվեն թվային ձևաչափի՝ դառնալով կադաստրային գործի մաս։
Օրենսդրական նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։






