AM
2 Սեպտեմբեր 2025 - 14:15 AMT

Արամ Ա․ Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատի անբաժան մասն է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղած ուղերձում նշել է, որ պետք չէ Արցախը պատմության փոշիների տակ թաղել, և որ Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատի անբաժան մասն է։

«Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,-նշել է նա։

Արամ Առաջինը հավելել է, որ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության և միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։

«Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասվում է ուղերձում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։