Մոսկվան արդարացված և հիմնավորված է համարում ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համարում ենք այս քայլը հիմնավորված, արդարացված՝ տարածաշրջանում կտրուկ փոփոխված իրադրության պայմաններում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա հավելել է, որ ՄԽ լուծարման նախաձեռնողներն Ադրբեջանն ու ՀՀ–ն են։
Մինսկի խմբի գործունեության դադարեցման որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ին։
Զախարովան նշել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում Ռուսաստանն «առավելագույն ջանքերն է գործադրել դրված խնդիրները լուծելու և Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ ժողովուրդներին հաշտեցնելու համար»։
Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափում՝ «հայտարարելով, որ այլևս չեն շփվելու այդ ձևաչափով»։
Կազմակերպության լուծարման նախաձեռնությանը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։






