AM
4 Սեպտեմբեր 2025 - 08:35 AMT

Արարատի ստորոտում գտնվող պատմական հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է

Արարատ լեռան ստորոտում գտնվող Թուրքիայի Իգդիր նահանգի Աքորա (Ակոռի) գյուղի պատմական հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է։ Հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, որոնք սպասում են հետագա ուսումնասիրության, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։

Աքորա (Ակոռի) գյուղը գտնվում է Արալըք շրջանում: Գյուղը Արարատ լեռան հյուսիսային լանջերին է։ Մոտակայքում է գտնվում Ահուրա գերեզմանատունը, որը հայտնի է որպես հին հայկական: Տարածքը հայտնի է որպես հայկական բնակավայր և վանք: Այսօր գյուղում քրդեր են ապրում:

Նշվում է, որ որոշ քարեր կոտրվել կամ կորել են, գերեզմանաքարերը փոխել են գույնը: Դրանց վրա խաչեր են պատկերված, որոնք քրիստոնեության խորհրդանիշ են:

Նշվում է, որ գերեզմանատան տարածքում բազմաթիվ հուշաքարեր կոտրվել են կամ ընդհանրապես անհետացել։ Մնացած քարերն էլ փոխել են գույնը։ Գերեզմանաքարերի վրա պահպանվել են խաչեր՝ որպես քրիստոնեական մշակույթի վկայություններ։

Այս գերեզմանատունը գտնվում է անուշադրության մատնված վիճակում։ Մեկ գերեզմանի երկու հուշաքարերի արանքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ։ Դատելով տեսագրություններից՝ գերեզմանոցը լքված է, տարածքն անմխիթար վիճակում, իսկ ոսկորների հայտնաբերումը վկայում է հնարավոր պղծման կամ անօրինական միջամտության մասին։

Ներկայում հայտնի չէ, թե ովքեր են այդ ոսկորները հավաքել և ինչու են դրանք թողնված քարերի արանքում։ Ենթադրվում է, որ ոմանք դրանք կարող են թողած լինել պատահական այցելությունների ժամանակ, իսկ որոշ վարկածներով էլ դրանք հանվել են գանձ որոնողների կողմից՝ գերեզմանները փորելու արդյունքում։

Ajansa Welat լրատվամիջոցին տրամադրված դատաբժշկական գնահատման համաձայն՝ հայտնաբերված ոսկորները պատկանում են մարդկանց՝ հիմնականում վերջույթների՝ ձեռքերի ու ոտքերի հատվածներից։

Գյուղի պատմական վկայություններից պարզ է դառնում, որ այստեղ հայերի կողմից կառուցված վանքը հիմնադրվել է դեռևս 341 թվականին։ Սակայն 1840 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ամբողջ գյուղը փլուզվել է։ Ավելի ուշ այն վերակառուցվել է հին բնակավայրին հարող հատվածում։

1930 թվականին Ակոռին և շրջակա մի քանի գյուղեր հայտարարվել են «Արգելված գոտի» և տարհանվել՝ մարդկանց մուտքը այդտեղ արգելելով։ Սակայն հետագայում այդ արգելքը հանվել է։

Այս պատմական վայրի ներկայիս վիճակը վկայում է, որ հուշարձանների պահպանությունը լիարժեք չի կազմակերպվել, իսկ մարդկային մնացորդների հայտնվելը վկայում է շարունակվող անօրինական գործողությունների մասին։