Սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ, հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր», ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե որն է եղել Google-ում և Youtube-ում խափանումների պատճառը, հայտնում է Factor.am-ը։
«Google-ում և Youtube-ում խափանումների պատճառն այս պահին հայտնի չէ: Նշեմ, որ պատճառների մասին այդքան արագ տեղեկատվություն չի լինի, Google-ն այս պահին դեռ լուռ է: Այնպես չէ, որ խափանումները բոլոր տեղերում են վերացրել, վերջին տվյալներով Թուրքիայում խնդիրը դեռ չի վերացել»,– նշել է նա։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհի ոչ բոլոր երկրներում են խափանումներ եղել։ Նրա տեղեկացմամբ՝ որոնողական համակարգը և մյուս ծառայությունները չեն գործել Թուրքիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրներում։
Առավոտյան 11:10-ի սահմաններում Google-ում և Youtube-ում խափանումներ են եղել, օգատատերերը չեն կարողացել օգտվել որոնողական համակարգից և մյուս ծառայություններից։ Google-ում և Youtube-ում խափանումներն արդեն վերացվել են և ծառայությունները կրկին հասանելի են։






