AM
4 Սեպտեմբեր 2025 - 13:53 AMT

Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ երկրպագուների երթ կլինի

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումից առաջ FAF շարժումը նախաձեռնել է երկրպագուների մեծ երթ, որը մեկնարկելու է Ֆրանսիայի հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից։ Մասնակիցների հավաքը նախատեսված է ժամը 16:00-ից։

Սախարովի հրապարակում FAF-ի և Red Eagles խմբերի երթերը կմիավորվեն՝ միասնաբար շարժվելով դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։ Այդ մասին ասվում է FAF հայտարարության մեջ։

«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ և չկրել մրցակից կամ այլ թիմի մարզաշապիկներ և ատրիբուտիկա:

Մինչ երթի մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում սպասվում են նաև տարբեր խաղեր և մրցույթներ։

Հաշվի առնելով խաղի շուրջ ստեղծված մեծ աժիոտաժը, մեծ թվով կեղծ տոմսերի առկայությունը և իրական տոմսերի բազմակի վաճառքները, կուտակումներից խուսափելու համար երթը կմեկնարկի 17:45-ին, խաղի սկիզբը` 20:00»,–ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Պորտուգալիայի ազգային թիմի հետ։ Խաղի մեկնարկը՝ 20։00-ին: