Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի և Ֆրանսիայի գրասենյակները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը այն պայմաններում, երբ Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվել են ուժ և սպառնալիք։ Միևնույն ժամանակ, նրանք կոչ են արել ստեղծել միջազգային իրավասու մարմին՝ նպատակաուղղված արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն։
Գրասենյակները վստահություն են հայտնել, որ նման որոշումը միջազգային հանրության կողմից փաստացի հովանավորում է հակամարտությունների «լուծման» մեթոդները ուժի կիրառման ու էթնիկ զտումների ճանապարհով։
Հայ դատը մատնանշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր իրական խաղաղությունը չի կարող հիմնված լինել միայն ադրբեջանական պահանջների կատարումի և դրանց միջազգայնորեն ընդունման վրա, այլ պիտի հաշվի առնվեն հետևյալ առաջնահերթ պայմանները․
- Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում
- Հայ մշակութային ժառանգության պաշտպանության ապահովում
- Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգում և օկուպացիոն ուժերի դուրսբերում ՀՀ տարածքից
- Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման հիման վրա
Հայ դատի համաշխարհային ցանցն այս փուլում շարունակում է գործել Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման ուղղությամբ՝ ի նպաստ միջազգային նոր ձևաչափի առաջացման, որը կանդրադառնա հակամարտության խորքային հետևանքների հաղթահարմանը։ Այդպիսի հնարավոր նախադեպ կարող է դառնալ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։
Մասնավորապես, գրասենյակները մատնանշել են հետևյալ դիտարկումները՝
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ
Մինսկի խմբի լուծարումը դիտարկվել է ոչ թե խաղաղության քայլ, այլ Ադրբեջանի ճնշումների արդյունքում առաջ մղված անհավասար պայմանավորվածություն։ Ըստ գրասենյակի՝ այս զարգացումն արձանագրում է Արցախում իրականացված էթնիկ զտումները, ռազմագերիների պահումը և ՀՀ տարածքների օկուպացիան՝ միաժամանակ նսեմացնելով միջազգային իրավունքի սկզբունքները, որոնց մարմնավորում էր հենց ԵԱՀԿ Մինսկի գործընթացը։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական գրասենյակը հորդորել է ԵԱՀԿ-ին ու դրա անդամ պետություններին հավատարիմ մնալ դիվանագիտության և արդարության արժեքներին՝ հիշեցնելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Բելգիայի և Շվեյցարիայի հանձնառությունների մասին, որոնք աջակցել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, գերիների ազատմանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից։
Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակ
Փարիզը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է գործել՝ պաշտպանելու համար միջազգային իրավունքի այն նորմերը, որոնց երկար տարիներ սատարել է։ Գրասենյակը կոչ է արել Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին՝ շարունակել ներգրավվածությունը տեղահանված հայերի իրավունքների պաշտպանման, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ՝ ընդգծելով, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ոչ թե լռություն, այլ ճշմարտություն և արդարություն։
Հայ դատի Մոսկվայի գրասենյակ
Գրասենյակը շեշտել է, որ առանց գործուն միջազգային միջնորդության և անվտանգության մեխանիզմների անհնար է կայուն կարգավորում։ Մինսկի ձևաչափի ոչնչացումը դիտարկվել է որպես խրախուսանք Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը և հայերի ներկայության կործանման ուղի Արցախում։ Ըստ գրասենյակի՝ անհրաժեշտ է վերագործարկել միջնորդական ձևաչափ՝ ավելի հստակ երաշխիքներով՝ երաշխավորելու արցախահայության վերադառնալու, գերիների և նախկին ղեկավարների ազատ արձակման, ժառանգության պահպանության և ինքնորոշման իրավունքները, հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափում՝ «հայտարարելով, որ այլևս չեն շփվելու այդ ձևաչափով»։
Կազմակերպության լուծարման նախաձեռնությանը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։






