Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում օգոստոսին արձանագրված 12-ամսյա գնաճը կազմել է 3.6 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.2 տոկոս։
Օգոստոսին 2024-ի նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 4.9 տոկոսով, գրում է Sputnik Արմենիան։
Տվյալ ժամանակահատվածում արձանագրվել է բրնձի գնի 0.7 տոկոս աճ, լոբու՝ 2.1 տոկոս, հացի՝ 5.1 տոկոս։
Մսամթերքի գները նույնպես բարձրացել են․ թռչնամսի գինն ավելացել է 1.5 տոկոսով, տավարի մսինը՝ 2.5 տոկոսով, իսկ խոզի մսինը՝ 10.3 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղը ևս թանկացել է՝ 2025 թվականի օգոստոսին 2024-ի օգոստոսի համեմատ ցուցաբերելով 16.8 տոկոս գնաճ։
Բավականին նկատելի աճել է նաև պաղպաղակի գինը՝ 9.7 տոկոսով, սուրճինը՝ 13.5 տոկոսով, իսկ կակաոյինը՝ 22.5 տոկոսով։
Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը օգոստոսին ցուցաբերել են համապատասխանաբար 4.2 և 8.2 տոկոս գների աճ։
Նույն ժամանակահատվածում ձվի գինը նվազել է 5.8 տոկոսով՝ 2024-ի օգոստոսի համեմատ, սակայն հուլիսի համեմատ աճ է արձանագրվել՝ 2.8 տոկոս։
Վառելիքի շուկայում օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, բենզինի գինն աճել է 0.1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 0.4 տոկոսով։ Սակայն 2024-ի օգոստոսի համեմատ այդ ցուցանիշները անկում են ապրել՝ համապատասխանաբար 2.9 և 2.4 տոկոսով։
Հեղուկ ածխաջրածինների՝ բութանի, պրոպանի և այլնի գների մեջ օգոստոսին արձանագրվել է 14.1 տոկոս գնանկում, իսկ հուլիսի համեմատ՝ 27.9 տոկոս։ Այդ ապրանքախմբի միջին ամսական գինը կազմել է 197.1 դրամ։
Ինչ վերաբերում է արտարժույթի փոխարժեքներին, ապա 2025-ի օգոստոսին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 383.2 դրամ՝ 1.3 տոկոսով ցածր 2024-ի օգոստոսի 388.1 դրամից։






