AM
5 Սեպտեմբեր 2025 - 07:58 AMT

Պետրոսյան. Շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«ՀԷՑ-ին սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ ուղիղ (առանց «արտոնյալ» միջնորդների) փոխգործակցության արդյունքում կխնայվեն հարյուր միլիոնավոր ՀՀ դրամի միջոցներ, շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը և հուսալիությունը»,-ասվում է գրառման մեջ։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։