Ռուսաստանցի քաղաքագետ և պատմաբան Դիմիտրի Սիմեսը հայտնել է, որ «Թրամփի երթուղի» անունով հայտնի տրանսպորտային նախագծի իրականացման արդյունքում կարող են բարդություններ առաջանալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, հայտնում է Panorama.am-ը։
Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների եռակողմ համաձայնագրերը հակաիրանական և հակառուսական նախագիծ են, և այդ գաղափարին ինչի կհակադրի Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը՝ Սիմեսն ասել է.
«Ես չեմ կարող ասել, թե արդյոք սա մտահղացվել է որպես հակառուսական նախագիծ։ Ես կարող եմ ասել ձեզ իմ տեսանկյունից. օբյեկտիվ հետևանքների առումով այս նախագիծը, իհարկե, կարող է բարդություններ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև»։
Ըստ նրա, հայ ժողովուրդը պետք է որոշի, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի շահերին։
«Սակայն մտածել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը կարող է համաձայնել նման քայլի՝ առանց որոշակի գին վճարելու Ռուսաստանի հետ հարաբերություններում և առանց բարդացնելու Մոսկվայի հետ հարաբերությունները, միամտություն կլինի»,-նշել է փորձագետը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






