AM
5 Սեպտեմբեր 2025 - 13:33 AMT

«Հետք»․ ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում

Սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի վաճառքի մասին հայտարարել է օգոստոսի 14-ին, սակայն վաճառքի մեկնարկից մի քանի րոպե անց բազմաթիվ երկրպագուներ հայտնել են, որ չեն կարողանում գնել տոմս, հայտնում է «Հետքը»։

Շատերը գնացել են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղ՝ հույսով, որ հնարավոր կլինի գնել թղթային տարբերակ, սակայն պարզվել է՝ այդ մեխանիզմն այլևս չի գործում։ Տոմսարկղի աշխատակիցը պարզաբանել է, որ այս տարվանից թղթային տոմսեր չեն վաճառվում։

Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից, կգործարկվի հերթագրման համակարգ։ Սակայն երկրպագուները հայտնել են, որ համակարգը գործարկելուն պես բոլոր տոմսերն արդեն սպառված են եղել։

ՀՖՖ-ի տոմսերի կայքի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վաճառքի ենթակա տոմսերի մի մասը նախապես ամրագրել է հենց ֆեդերացիան։ Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են ստացել այդ ամրագրված տոմսերը։

Ֆեդերացիայից հայտնել են. «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել մոտ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։

Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդամներ, մանկատներ), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»։

Լրատվամիջոցը կապ է հաստատել մանկատների և Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հետ՝ ճշտելու, արդյոք տոմսեր տրամադրվել են նրանց։ Երկու կողմից էլ ստացվել է բացասական պատասխան։

ՀՖՖ-ի պաշտոնական կայքում տոմսերի սպառումից մի քանի ժամ անց դրանք սկսվել են ի հայտ գալ սև շուկայում։ Տոմսերի սկզբնական արժեքը տատանվել է 1000-20,000 դրամի սահմաններում, սակայն վերավաճառքի կայքերում դրանք հասել են մինչև 1 միլիոն դրամի։

Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շուկայում հայտնված որոշ տոմսեր համընկնում են ՀՖՖ-ի կողմից նախապես ամրագրված հատվածների հետ։ Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ի բոլոր տեղերը ամրագրված են եղել ֆեդերացիայի կողմից, սակայն սեպտեմբերի 1-ին այդ նույն հատվածի տոմսերը վաճառվել են viagogo.com կայքում՝ 624,000 դրամով։ Այդ պահին հասանելի է եղել երկու հարակից տեղ։

Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում, որտեղ 14 հազար դրամանոց տոմսերը վաճառվել են 375,000 դրամով։

Ինչպե՞ս են ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը հայտնվել սև շուկայում՝ անհասկանալի է։ Այս հարցով կրկին դիմել են ֆեդերացիային, սակայն պատասխան չի ստացվել։

ՀՖՖ-ից նշել են. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն այս օրերին, այլ նաև միշտ պայքարում է սև շուկայում տոմսերի վերավաճառքի դեմ՝ իր միջոցներով և հնարավորությունների սահմանում։ Այս ընթացքում ՀՖՖ-ի կողմից արգելափակվել են հարյուրավոր օտարեկրյա անձնագրերով, բայց նույն IP-ով օգտատերերի, որոնք փորձել են մուտք գործել tickets.ffa.am: 1 երկրպագուն Պորտուգալիայի դեմ խաղին հնարավորություն է ունցել գնելու 2 տոմս։ Սա արվել է այն պատճառով, որ մեկ անձը չկարողանա գնել մի քանի տոմս և զբաղվի վերավաճառքով»։

Խնդրին արձագանքել է նաև ոստիկանությունը։ Սեպտեմբերի 1-ին հրապարակված հայտարարությունում նշվում էր.

«Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»։

Չնայած ոստիկանության նախազգուշացումներին՝ չգնել տոմսեր վերավաճառողներից, դրանց վաճառքն անխափան ընթանում է։