AM
5 Սեպտեմբեր 2025 - 14:04 AMT

Հնդկաստանի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի անդամակցությունը մնում է ՇՀԿ օրակարգում

Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ ՇՀԿ–ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը մնում է քննարկման փուլում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հնդկաստանն արգելափակել է կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի հայտը: Հայաստանի ԱԳՆ-ում խուսափել են մեկնաբանել Իսլամաբադի գործողությունները՝ նշելով, որ այս փուլում չեն մանրամասնի գործընթացը, բայց բավականին կառուցողական մոտեցում են տեսնում Հայաստանի անդամակցության հարցում։

«Այս տարի ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը հայտ են ներկայացրել ՇՀԿ-ին անդամակցելու համար։ Ժամանակի սղության պատճառով հարցի վերաբերյալ որոշումը չէր կարող ընդունվել Թիենծինում անդամ պետությունների կողմից: Սակայն հարցը, որը վերաբերում է երկու երկրների անդամակցությանը, մնում է կազմակերպության քննարկման փուլում»,- ասել է նա՝ արձագանքելով ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին, որոնք վերաբերում են Հնդկաստանի կողմից Ադրբեջանի անդամակցության արգելափակմանը:

Ավելի վաղ ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի՝ կազմակերպությանը մասնակցության վերաբերյալ ընդհանուր ուղերձը գագաթնաժողովում դրական է եղել: Նա հավաստիացրել էր, որ արգելափակման թեման չի բարձրացվել ոչ աշխատանքային, ոչ քաղաքական մակարդակներում։

ՇՀԿ գագաթաժողովն անցկացվել է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: