AM
6 Սեպտեմբեր 2025 - 06:23 AMT

ՀԷՑ-ի նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին հայտ է ներկայացրել 7 ընկերություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակում ներկայացված հայտերի հրապարակային բացման ընթացքը։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն։

«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Վերջինիս շրջանակում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ ս.թ.-ի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:

Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին Ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։