AM
6 Սեպտեմբեր 2025 - 10:24 AMT

Ռոնալդուն նախախաղային մարզումից լուսանկար է հրապարակել

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի Կրիշտիանու Ռոնալդուն ինսթագրամի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել Ավանի ակադեմիայում կայացած նախախաղային մարզումից՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ։

Պորտուգալիայի ազգային հավաքականն իր հերթին տեսանյութ է հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից՝ տարածելով այն իրենց սոցիալական ցանցերի էջերում։

Տեսանյութում Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ու պաշտպան Ռուբեն Դիաշը անդրադարձ են կատարել Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայացած նախորդ հանդիպումներին՝ շեշտելով, թե առաջիկա խաղը հեշտ չի լինելու, հայտնում է Armsport-ը։

«Եթե նայենք Պորտուգալիայի և Հայաստանի միջև կայացած խաղերին, ապա դրանք մրցակցային էին։ Հաշվի տարբերությունը միշտ շատ մոտ է եղել։ Որակավորման փուլում մնացել է ընդամենը 6 խաղ։ Դժվարությունը մեծ է լինելու։ Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանատվության։ Մենք պետք է լավ սկսենք։

6 խաղից բաղկացած որակավորման փուլում սխալվելու հնարավորություն չկա։ Մենք գիտակցում ենք, որ նրանք կարող են վտանգավոր լինել։ Խաղին մոտենում ենք հարգանքով, քանի որ խաղի մակարդակը լինելու է բարձր ու դժվար»,- ասվում է տեսանյութում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։