Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մեկնելու Մոսկվա բանակցությունների նպատակով: Փոխարենը նա առաջարկել է Ռուսաստանի ղեկավարին գալ Կիև։ Նա այդ մասին ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր ենթարկվում է հրթիռակոծման։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք։ Պուտինը դա հասկանում է», – ասել է Զելենսկին, գրում է Pravda.com-ը։
Նա նշել է, որ Պուտինի առաջարկը նման է իրական հանդիպումը հետաձգելու փորձի։
«Եթե մարդը չի ցանկանում հանդիպել պատերազմի ժամանակ, նա իհարկե կարող է առաջարկել մի բան, որը կլինի ինձ համար կամ մյուսների համար անընդունելի», – նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքը չի պատրաստվում մեկնել որևէ վայր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու նպատակով, սակայն պատրաստ է ընդունել նրան Մոսկվայում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Կրեմլի ղեկավարի առաջարկը՝ հանդիպել Մոսկվայում, անվանել է «անընդունելի»։
Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ըստ իրեն՝ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը «դեռ պատրաստ չեն» անձնական հանդիպման։






