Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի մասին, գնահատել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում հնարավոր տնտեսական հետևանքները և ներկայացրել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով երակողմ խմբի աշխատանքների ընթացքը։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբը ձևակերպել է բոլոր լուծումները, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Այդ խումբը չի հավաքվել 2023 թվականի հուլիսից ի վեր, սակայն երկկողմանի շփումները շարունակվում են։ Մենք շարունակում ենք կարծիքների փոխանակում տարբեր հանդիպումների ընթացքում։ Խմբի համանախագահները նաև իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում, և մենք ակտիվ շփվում ենք։ Խումբը մանրակրկիտ աշխատել է՝ խորանալով տեխնիկական և իրավական բոլոր մանրամասների մեջ։ Խնդիրը դիտարկվել է բազմակողմանի։ Արդյունքում ձևակերպվել են բոլոր հիմնական լուծումները, և այժմ պարզ է, թե ինչ է պետք անել և ինչպես»,–ասել է նա։
Օվերչուկն անդրադարձել է նաև Բաքվի հետ ներկա տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք կայուն են և գործնական։
«Սա մշտապես ընդգծում եմ։ Վերջերս Աստրախանում տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում երկու կողմերն էլ հաստատեցին, որ տնտեսության ոլորտում խնդիրներ չկան։ Մեզ մոտ լիարժեք փոխըմբռնում է, արդյունավետ համագործակցում ենք թե՛ նախարարությունների մակարդակով, թե՛ բիզնես շրջանակներում։ Ամեն ինչ ընթանում է նորմալ»,–նշել է նա։
Նա խոսել է նաև, որ ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվող Հայաստանով անցնող տրանսպորտային ուղու շուրջ շատ քննարկումների մասին։
«Իհարկե, այս հարցը մենք քննարկել ենք թե՛ Երևան այցի ընթացքում, և թե՛ Աստրախանում՝ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում։ Մենք ունենք հստակ պատկերացում՝ ինչպես է այդ նախագիծը իրականացվելու։
Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային համակարգի ստեղծմանը։ Եթե այն իրականություն դառնա, կուժեղացվի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կապը։ Մեր գնահատմամբ՝ այդ ճանապարհը կդառնա բեռների փոխադրման հիմնական ուղին մեր երկրների միջև»,–նշել է նա։
Օվերչուկին հարցրել են այն մասին, թե ինչ կարծիք ունի ՀՀ վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Երևանը գիտակցում է՝ անհրաժեշտ է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
«Երևանը միշտ էլ ունեցել է այդ պատկերացումը, և նման գնահատականներ արվել են ու շարունակվում են։ Նրանք լավ հասկանում են այդ որոշումների գինը»,–ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրան հարց են ուղղել, թե արդյոք վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ինտեգրացիոն տարբեր ուղղությունների վերաբերյալ, արդեն բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։
«Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանում ակտիվացել էր ԵՄ-ին մոտեցման շուրջ քննարկումը, ես զգուշացրել էի գործընկերներին, որ մեր բիզնեսը սկսել է ավելի զգուշությամբ մոտենալ Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին։ Սա կարող է ազդել երկկողմ առևտրի վրա։ Այսօրվա վիճակագրությունը դա էլ է ցույց տալիս․ եթե անցած տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 12․4 միլիարդ դոլար, ապա այս տարի այն, ամենայն հավանականությամբ, չի հասնի անգամ 6 միլիարդի։ Այսինքն՝ միայն այս քննարկումներն արժեցել են Հայաստանին մոտ 6 միլիարդ դոլար։
Եթե այս միտումը շարունակվի, մենք ստիպված կլինենք վերանայել մեր տնտեսական մոտեցումը։ Սա Հայաստանի ընտրությունն է՝ որոշել, թե որտեղ պետք է լինեն։ Բայց նրանք նույնպես հասկանում են, որ այդ դեպքում մաքսային ռեժիմը կփոխվի, ապրանքների ազատ շարժը կդադարի, և մաքսազերծ առևտուր այլևս չի լինի։ Սա կարող է լուրջ հարված լինել հայկական արտադրողներին, հատկապես գյուղատնտեսական ոլորտում, քանի որ նրանց արտադրանքը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում։ Մերձակա երկրները չունեն մթերքի պակաս՝ խաղող, ծիրան կամ այլ մրգեր և բանջարեղեն։
Ռուսաստանը Հայաստանի համար բարձրարժեք շուկա է։ Բացի այդ, եվրոպական ապրանքները կարող են ողողել հայկական շուկան՝ սահմանափակելով տեղական բիզնեսի զարգացման հնարավորությունները։ Այս բոլոր ռիսկերը նրանք պետք է գնահատեն։
Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, և եթե մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ պահպանեն ներկա վիճակը, ապա խնդիրներ կառաջանան նաև ավիացիոն ոլորտում։ ԵՄ-ն արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար՝ հետևաբար, Հայաստանը նույնպես կարող է դառնալ անհասանելի ռուսական ավիաընկերությունների համար, և հակառակը։
Բացի այդ, ԵՄ-ի սահմանին արդեն գործում է բեռների փոխանցման մեխանիզմ․ եվրոպական բեռնատարը հասնում է սահմանի, և բեռը փոխանցվում է ռուսական կամ բելառուսական մեքենայի։ Նման սխեմա կլինի նաև Հայաստանի պարագայում։ Սա կազդի էներգակիրների և սննդամթերքի գների վրա, որոնք այս պահին Հայաստանը ստանում է Ռուսաստանից՝ որպես դաշնակից։ Երկիրը կկորցնի նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտու ընձեռած առավելությունները։ Հետևանքները շատ են, և դրանք պետք է մանրակրկիտ գնահատվեն։ Սա բացասական սցենար է առաջին հերթին հասարակ քաղաքացիների համար, և մենք դրա մասին բաց ասում ենք։
Անշուշտ, ԵՄ-ից Հայաստանը նույնպես ինչ-որ բան կստանա՝ նոր շուկաներ, նոր ուղիներ։ Այս ամենը պետք է հավասարակշռված գնահատվի։ Վերջնական որոշումը կընդունի Հայաստանի ժողովուրդը»,–ասել է Օվերչուկը։






