AM
8 Սեպտեմբեր 2025 - 09:11 AMT

Աբրահամյան․ Կարապետյանին հաջողության համար լավ թիմ է հարկավոր

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ գործարար Սամվել Կարապետյանի հաջողությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայքարում կախված է նրանից, թե արդյոք նա կկարողանա հավաքել ուժեղ թիմ, որը կներկայացնի երկրի բոլոր սոցիալական շերտերի շահերը։

«Կարապետյանը ստեղծել է կուսակցություն։ Չգիտեմ՝ կկարողանա՞ նա [հաղթել]։ Ամեն ինչ կախված է թիմից։ Բիզնեսը մի բան է, իսկ քաղաքականությունը՝ լրիվ այլ։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է այն ճիշտ թիմից, որը նա պետք է հավաքի», — ասել է Աբրահամյանը՝ պատասխանելով գործարարի կողմից ստեղծվող կուսակցության հեռանկարների մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա ընդգծել է, որ թիմում պետք է ներկայացված լինի ամբողջ Հայաստանը։

«Լավ մասնագետներ, որոնք կհրապարակեն ճանապարհային քարտեզը՝ հստակ ու պարզ, և կասեն՝ ովքեր ենք մենք, ուր ենք գնում, ինչ թիմ է սա։ Կարծում եմ՝ դեռ վաղ է ասել, որ նա 100% կհաջողի, բայց ես հավատում եմ, որ նա շատ բան կանի։ Բայց կրկնում եմ՝ եթե աշխատի թիմով։ Այսօր նա ունի այդ հնարավորությունը՝ բոլորին միավորելու։ Եթե ոչ նա, ապա ո՞վ ընդհանրապես։ Նրա մոտ ամեն ինչ կա՝ հեղինակություն ունի, ֆինանսական խնդիրներ չունի։ Պարզապես պետք է չհետաձգել և ձևավորել այդ թիմը՝ առաջ շարժվելու համար»,–ասել է Աբրահամյանը։

Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հղած ուղերձում հայտարարել է, որ «կարող են շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված ժողովրդի բարեկեցությանը»։