Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տոկիոյում մասնակցել է «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» խորագրով կազմակերպված գործարար համաժողովին, որն անցկացվել է Ճապոնիայի ROTOBO բիզնես ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնությամբ։
Նախարարը իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսական տեսլական 2030-ը, տարածաշրջանային ինտեգրմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել է Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։
Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը կանգնած է բարենպաստ աշխարհագրական դիրքի վրա, ունի տաղանդավոր մասնագետներ և հստակ ռազմավարություն՝ տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ այդ ամենը կարելի է վերածել հաջողության պատմության՝ Ճապոնիայի հետ համատեղ ջանքերով։
«Հայաստանը Ճապոնիան դիտարկում է ոչ միայն որպես առևտրային և ներդրումային գործընկեր, այլև որպես մի երկիր, որի արժեքները՝ ճշգրտությունը, նորարարությունն ու երկարաժամկետ տեսլականը, խորապես համընկնում են մեր սեփական զարգացման նպատակների հետ։ Այսօրվա համաժողովի նպատակն է ցուցադրել կոնկրետ հնարավորությունները և բացահայտել համագործակցության նոր ուղիներ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսական օրակարգում առանցքային ուղղություններից են բարձր հավելյալ արժեք ստեղծող ճյուղերը, որոնց թվում առանձնացվում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, վերականգնվող էներգետիկան, դեղագործությունը և զբոսաշրջությունը։
Վարչապետն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, ներկա գտնվել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:






