AM
8 Սեպտեմբեր 2025 - 13:42 AMT

Լավրովը՝ վաշինգտոնյան փաստաթղթերի մասին․ Հիացական խոսքերը փոխարինվեցին հոռետես գնահատականներով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել է, որ պետք է տեսնել, թե ինչպես է գործնականում իրագործվելու ԱՄՆ‑ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով, որ փաստաթղթի հրապարակումից հետո նախնական ոգևորությունը փոխարինվել է հոռետեսությամբ։

«Պետք է տեսնել, թե ինչպես այն կգործի, որովհետեւ բոլոր այն հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, այդ բացականչությունները հետո փոխարինվեցին հոռետես գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ ինչպես պարզվում է, այնտեղ ամենևին էլ ամեն ինչ չէ համաձայնեցված», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ‑ի ուսանողների եւ դասախոսների առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ‑ում ձևավորված այս պայմանավորվածությունը առաջացել է 2020–2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած նախորդ համաձայնությունների հիման վրա։

«Հենց ՌԴ‑ն՝ նախագահ Պուտինի միջոցով, երբ սկսվեց այսպես կոչված Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, խաղաց վճռորոշ դեր… Նախագահը հասավ պայմանավորվածության, որը ստորագրեցին և Հայաստանի վարչապետ Փաշինյանը, և Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ 2020 թվականի նոյեմբերին… այնուհետև տեղի ունեցավ այլ եռակողմ գագաթնաժողովների մի ամբողջ շարք, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ տնտեսական կապերի ապաշրջափակման, տրանսպորտային երթուղիների վերագործարկման վերաբերյալ», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Օգոստոսի սկզբին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունվել է հռչակագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնեցված փաստաթղթի տեքստը։ Երևանը նաև համաձայնել է համագործակցել Վաշինգտոնի և երրորդ կողմերի հետ՝ ստեղծելու «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը կապելու է Ադրբեջանի Հանրապետությունը՝ նրա Նախիջեւանյան ինքնավարության հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։