Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ կվերսկսվի Հարավային Կովկասի երկրների և նրանց երեք հարևանների՝ այդ թվում Ռուսաստանի համագործակցությունը «3+3» ձևաչափում։ Այդ մասին նա նշել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների առջև ունեցած ելույթում, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում կամ Բաքվում։
«Մեծ հույս ունենք, որ կվերսկսվի այն նախաձեռնության շրջանակում աշխատանքը, որը ժամանակին առաջ էին քաշել Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ «3+3» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը։ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և նրանց երեք մեծ հարևանները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը… Մենք հիմա կարծում ենք, որ ժամանակն է վերսկսելու այս ձևաչափը»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Իրանը սատարում է այս գործընթացին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը եղել են պլատֆորմի նախաձեռնողները։ Այս համատեքստում Լավրովը հույս է հայտնել, որ շուտով հանդիպում կկայանա։
Ռուսաստանն ակտիվ աջակցում էր «3+3» ձևաչափի ստեղծմանը (մի կողմից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա)։ Վրաստանը դեռ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։






