Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կրկին բացվել է ծիսական արարողության համար՝ 13-րդ պատարագն է մատուցվել։ Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։
Պատարագին մասնակցելու նպատակով քաղաք ժամանած հոգևորականներն ու ուխտավորները կղզի են տեղափոխվել նավակներով, հայտնում է Factor.am-ը։
Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, նրա տեղակալ Հայր Կասպար Կարապետյանը և եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, ով ուղեկցել է հոգևորականությանը, կարճ զրույց են ունեցել այցելուների հետ։
«Այստեղ ուխտավորները եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ Ամերիկայից, Անգլիայից, Եվրոպայից, Անատոլիայի տարբեր մասերից, Ստամբուլից և, հատկապես, Հայաստանից: Մենք նշեցինք այս օրը: Մենք հիշատակեցինք մեր անցյալը 1100-ամյա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Մենք շնորհակալություն հայտնեցինք այս օրվա համար: Հիմա մենք վերադառնում ենք տուն: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում պետական իշխանություններին, որոնք մեզ այս հնարավորությունը տվեցին: Թող մեր աղոթքները խաղաղություն բերեն երկնքից երկրի և մարդկության վրա: Մեր աղոթքն այն է, որ այս տարածաշրջանի ժողովուրդը, որը շատ է տառապել, սովորի անցյալից և հասնի այսօրվա խաղաղությանը, եղբայրությանը և միասնությանը»,- ասել է Մաշալյանը։
Պատարագին մասնակցել են նաև Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Աբդուրահման Շահինը, ոստիկանապետ Մուրատ Մութլուն և Վանի թանգարանի տնօրեն Բյուլենթ Դեմիրը։
Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2005 թվականին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2007 թվականից այն բաց է եղել այցելուների համար՝ որպես թանգարան։ Սկսած 2010 թվականից՝ ամեն տարվա սեպտեմբերին, Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, եկեղեցին բացվում է պատարագի համար։






