AM
9 Սեպտեմբեր 2025 - 07:24 AMT

Նեթանյահուն հորդորել է պաղեստինցիներին լքել Գազան մինչև հարձակումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է պաղեստինցիներին՝ հորդորելով նրանց անհապաղ լքել Գազա քաղաքը։ Ինչպես հաղորդել է «The Times of Israel»-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի հայտարարությանը, Իսրայելի բանակը մոտ ժամանակներում լայնածավալ ռազմական գործողություն է սկսելու այդ տարածքում։

«Ես ասում եմ Գազայի բնակիչներին՝ ուշադիր լսեք, ձեզ զգուշացրեցին։ Հեռացեք այդտեղից»,–ասել է նա, գրում է Interfax-ը։

Նրա խոսքով՝ անցած երկու օրում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ խմբավորման «50 ահաբեկչական աշտարակ»։ Նա նշել է, որ սա Գազան գրավելու ավելի լայն գործողության նախերգանքն է, և որ Իսրայելի ուժերն արդեն կենտրոնանում են այդ տարածքում։

Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս դիմել է Գազայի բնակիչներին՝ հորդորելով նրանց լքել իրենց տները՝ նախապատրաստվող գործողության պատճառով։ Միաժամանակ՝ ՄԱԿ-ի տվյալներով, քաղաքում մնում է մոտ մեկ միլիոն պաղեստինցի։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները Գազայի և ամբողջ շրջափակված գոտու իրավիճակը գնահատել են աղետալի։

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գործողության ծրագիրը օգոստոսի 8-ին, ինչպես հաղորդել է վարչապետի գրասենյակը։ Երկրում հայտարարվել է պահեստազորի հավաք։ Գործողության մեկնարկի մասին որոշումը քննադատվել է թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։