Պակիստանը մտադրություն է հայտնել պաշտոնապես ճանաչել Հայաստանին որպես Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, ինչը կարող է դառնալ վճռորոշ գործոն՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հավանություն ստանալու համար։ Այդ մասին հայտնել են ՏԱՍՍ գործակալության աղբյուրները։
«Պակիստանը իսկապես ծրագրում է դա անել, և որպես պատասխան քայլ՝ ստանալ կոնսենսուս ԵԱՏՄ-ին միանալու հարցում», – ասել է գործակալության աղբյուրներից մեկը ՄԱԿ-ում։
Մյուս դիվանագիտական աղբյուրը նշել է, որ այս գործընթացին առնչվող ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
«Ցանկացած դեպքում, դա տեսանելի հեռանկար է», – ավելացրել է նա։
Աղբյուրը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերացրել է այս հարցում առկա խոչընդոտները։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերականգնումը՝ դա անվանելով «քայլ առաջ»։
Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի արտգործնախարար Իսհաք Դարը հանդիպում են անցկացրել Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն։
Հայաստանի անկախությունից ի վեր նրա և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել՝ պայմանավորված Իսլամաբադի դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Ավելին, երկար տարիներ Պակիստանը ներառված է եղել Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում՝ որպես սպառնալիք։
2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։






