AM
10 Սեպտեմբեր 2025 - 09:43 AMT

Անյել․ ԱՄՆ ընկերությունները հաճույքով կդիտարկեն «Թրամփի ուղու» նախագծերին մասնակցության հարցը

Այցով Ադրբեջանում գտնվող ամերիկյան բիզնես պատվիրակության անդամ ԱՄՆ տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Անյելը հայտարարել է, որ ԱՄՆ ընկերությունները հաճույքով կդիտարկեն «Թրամփի ուղու» նախագծերին մասնակցության հարցը։

Նա նշել է նաև, որ «Թրամփի ուղու» շուրջ գոյություն ունեն մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, հայտնում է APA-ն։

«Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այդ միջանցքը բացվի։ Իսկ Թուրքիան, ընդհակառակը, կողմ է այդ նախագծի իրականացմանը։ Հայաստանն էլ է շահագրգռված գործընթացով, քանի որ դրանով կարող է մաքսատուրք գանձել միջանցքով անցնող բեռներից։ Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է անվտանգության երաշխիքներ և դիվանագիտական մոտեցում։ Սակայն սա այլ ոլորտ է և առանձին թեմա՝ տնտեսական առաջընթացից տարբեր»,-ասել է նա։

Քեննեթ Անյելն ավելացրել է, որ «Թրամփի ուղին» դեռ մեկնարկային փուլում է։

«Սակայն, երբ ճանապարհը գործարկվի և սկսի լիարժեք գործել, ամերիկյան ընկերությունները մեծ պատրաստակամությամբ կմասնակցեն մրցույթներին և կկապվեն նախագծերին։ Թե որ ընկերությունն ավելի լավ պայմաններ կառաջարկի՝ դա հայտնի կլինի հետագայում»,–նշել է նա։

Ղազախստանում ԱՄՆ առևտրի պալատի գործադիր տնօրեն Ջեֆ Էրլիխը, անդրադառնալով թեմային, նշել է, որ ամերիկյան ընկերությունները համաշխարհային առաջատար բիզնես կառույցներ են.:

«Ամերիկայի տեխնոլոգիաները, ֆինանսական ռեսուրսները, փորձը և արտադրանքը մեծ պահանջարկ ունեն։ Հույս ունեմ, որ այս ուղղությամբ շուտով կբացվեն կոնկրետ հնարավորություններ»,-ասել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։