Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, որն ավարտել է իր կարիերան հավաքականում, հայտարարել է, որ Էդուարդ Սպերցյանը կարող է դառնալ թիմի նոր ավագը։ Այդ մասին նա ասել է Championat.com-ին տված հարցազրույցում։
«Տղաների հետ չեմ խոսել, բայց Էդիկն արժանի է ավագ լինելուն։ Սպերցյանը արժանի է ավելիին. նա պետք է հեռանա ՌՊԼ–ից, խաղա Եվրոպայի բարձրագույն լիգայում և նոր էջ բացի իր կարիերայում։ Ես չեմ ասում, թե Ռուսաստանի առաջնությունը թույլ լիգա է։ Սպերցյանը չեմպիոն է դարձել և լավ է խաղում, ուստի պետք է դրսևորի իրեն արդեն Եվրոպայում»,-ասել է Հարոյանը։
Նա անդրադարձել է նաև «Սաութհեմփթոնի» առաջարկը մերժելու Սպերցյանի որոշմանը՝ նշելով, որ եթե նա այդպիսի որոշում է կայացրել, նշանակում է՝ ճիշտ որոշում է։
«Եթե հիմա չէր կարող գնալ Եվրոպա, ապա ոչինչ։ Նա հիանալի մասնագետ է, նա դեռ կկարողանա գնալ և խաղալ Եվրոպայում։ Ես հաստատ գիտեմ, որ նա մեծ աստղ կդառնա»։
Հարոյանին հարցրել են, թե արդյոք Սպերցյանը կկարողանա՞ կրկնել Հենրիխ Մխիթարյանի ուղին կամ գերազանցել նրան։
«Անկեղծ ասած, Էդիկի համար դժվար կլինի։ Եթե նայեք Մխիթարյանի կարիերային, բոլոր թիմերը Եվրոպայի լավագույն լիգաներից են։ Արդյո՞ք Էդիկը կունենա այդքան ժամանակ այդքան լավ ակումբներ փոխելու համար։ Բայց նա 100%-ով կտեղափոխվի դրանցից մեկը։ Ես հավատում եմ նրան»,–ասել է Հարոյանը։
Հարոյանը հեռացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, երբ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը՝ հայտարարվելով, որ չի կարող աշխատել նրա հետ։






