AM
11 Սեպտեմբեր 2025 - 07:19 AMT

Մելիքյան. Փորձելու եմ հետ բերել Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ անպայման փորձելու է հավաքական հետ բերել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ մշտական կապի մեջ է ֆուտբոլիսիտի հետ, հաճախ են խոսում։

«Խոսել եմ նրա հետ, չեմ կարող ասել՝ ինչ։ Անպայման փորձելու եմ նրան հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք։ Ուզում եմ գնալ Իտալիա ու նրա հետ նստել խոսել, անպայման փորձելու եմ հետ բերել»,– ասել է Մելիքյանը։

Նա նաև հայտարարել է, որ քննադատել է ֆուտբոլի ֆեդերացիային, խոսել է սխալների մասին, հիմա էլ է բարձարաձայնում, բայց երբեք չի ասել, որ հավաքականը չեմ մարզի։

«Ես չեմ գնացել ֆեդերացիա աշխատելու, ես գնացել եմ հավաքական աշխատելու։ Իմ աշխատանքի վայրը հանդերձարանն է»,–ասել է մարզիչը։

Նա նշել է նաև, որ դեռևս չի եղել ՀՖՖ ղեկավարության հետ խորքային քննարկում, սակայն նման հանդիպում անպայման կլինի։

Նրա խոսքով՝ այս պահին իր առաջնային խնդիրն է թիմի մթնոլորտի վերականգնումը, մարտական ոգու բարձրացումը, հավատը և նվիրվածությունը։ Մելիքյանն ասել է, որ հենց այդ պահանջներն է դրել ֆուտբոլիստների առջև։

Ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց 2022–ին։ Ընթացիկ տարվա հունիսին իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ չի վերադառնա հավաքական։