«Հայփոստը» ժամանակավորապես դադարեցրել է դեպի ԱՄՆ ուղղված փոստային առաքումները՝ մաքսային նոր կարգավորումներով պայմանավորված:
ԱՄՆ մաքսային համակարգում կատարված վերջին փոփոխությունների պատճառով, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 21-ից դադարեցրել է դեպի ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային ծանրոցների և փաթեթների ընդունումն ու առաքումը, հայտնում է «Հետքը»։
Պատճառը 2025-ի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր հրամանագիրն է, որով արգելվում է 800 դոլարից ցածր արժեքով ապրանքների մուտքը ԱՄՆ՝ անկախ դրանց ծագման երկրից։ Մինչ այս փոփոխությունը, այդ ապրանքները ազատված են եղել մաքսատուրքից։ Այժմ, սակայն, բոլոր տեսակների փոստային առաքանիները համարվում են հարկման ենթակա։ Նախկինում այս արտոնությունից առաջինը զրկվել են Չինաստանը և Հոնկոնգը՝ 2025-ի մայիսի 2-ից:
Մաքսային նոր պահանջներն ու հարկման մեխանիզմները դեռևս չեն հստակեցվել, ինչի հետևանքով բազմաթիվ փոստային և սուրհանդակային կազմակերպություններ, մինչև ԱՄՆ իշխանությունների կողմից պարզաբանումների տրամադրումը, որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել առաքումները դեպի ԱՄՆ։ Օգոստոսի վերջին նման որոշում են ընդունել նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ ԵՄ անդամ երկրներ։
Հայաստանում սահմանափակումը չի տարածվել «Հայփոստ Էքսպրես» ծառայության վրա, որի օգնությամբ հնարավոր է ծանրոցները հասցնել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող «Հայփոստի» ընդունման կետեր։ «Հայփոստ Էքսպրեսը» գործում է օդային փոխադրմամբ, և մեկ կիլոգրամ բեռի համար սակագինը սահմանված է 4000 դրամ։
«Հայփոստը» տեղեկացրել է, որ ծառայությունը կվերսկսի միայն այն ժամանակ, երբ նոր մաքսային կարգավորումները ամբողջությամբ կհստակեցվեն։






