AM
11 Սեպտեմբեր 2025 - 07:54 AMT

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ ՀՀ մասին

Թուրքական բլոգն ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի պատմամշակութային յուրահատկության մասին։ «20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին» վերնագրով հոդվածում նշվում է, որ Կովկասում գտնվող այս պետությունը առանձնացել է իր դարավոր անցյալով, հարուստ մշակույթով և եզակի բնությամբ։

Հոդվածի հեղինակը՝ Ուղուրջան Բալը, գրում է. «Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի օրրան հանդիսացող Հայաստանն ուշադրություն է գրավում իր եզակի ավանդույթներով ու պատմամշակութային ժառանգությամբ», հայտնում է Ermenihaber-ը։

Հեղինակը ներկայացրել է մի շարք կարևոր փաստեր Հայաստանի մասին, որոնք, ըստ նրա, պետք է իմանալ։

Ներկայացված է հետևյալ 20 փաստը.

  1. Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ 301 թվականին։
  2. Չնայած Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում, այն համարվում է սրբազան խորհրդանիշ հայ ժողովրդի համար և պատկերված է պետական զինանշանի վրա։
  3. Հայոց գրատառերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թվականին և մինչև այսօր օգտագործվում են։ Այբուբենը կազմված է 39 տառից։
  4. Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցվել է 4-րդ դարում, համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը։
  5. Արարատյան դաշտում ունի ավելի քան 6000 տարվա գինեգործական ավանդույթ։ Այստեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին գինու մառանները։
  6. Նուռը համարվում է Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը, որը խորհրդանշում է առատություն, պտղաբերություն և անմահություն։
  7. Դուդուկը, որպես հայկական ավանդական գործիք, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
  8. Տաթևի ճոպանուղին՝ 5.7 կմ երկարությամբ, դասվում է աշխարհի ամենաերկար երկգծանի ճոպանուղիների շարքին։
  9. Հայաստանը հայտնի է լեռների մեջ թաքնված հարյուրավոր հին վանքերով և եկեղեցիներով։
  10. Խաչքարերը՝ խաչով զարդարված քարե հուշարձաններ, համարվում են հայ արվեստի առանձնահատուկ ձև։
  11. Մատենադարանն ունի աշխարհի ամենամեծ միջնադարյան ձեռագրերի հավաքածուներից մեկը։
  12. Տոլման համարվում է հայկական խոհանոցի սիրված ուտեստներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
  13. Թեև տարածքով փոքր է, Հայաստանը պատկանում է մարդկության հնագույն քաղաքակրթությունների շարքին։
  14. Հայաստանը անկախացել է ԽՍՀՄ-ից 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։
  15. «Արարատ» կոնյակը միջազգային ճանաչում ունի և եղել է Ուինսթոն Չերչիլի նախընտրելի խմիչքներից։
  16. Սևանա լիճը՝ Կովկասի ամենամեծը, հաճախ անվանվում է «Հայաստանի մարգարիտ»։
  17. Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և դասվում է աշխարհի հնագույն քաղաքների շարքին։
  18. Հայկական սփյուռքը տվել է բազմաթիվ հայտնի արտիստներ, այդ թվում՝ «System of a Down» խմբի անդամներին։
  19. Երևանի շենքերի մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆից, որի պատճառով այն անվանում են «վարդագույն քաղաք»։
  20. Հայկական սեղանը սիմվոլիկ է՝ ընդգծելով հյուրընկալության ավանդույթը, իսկ ճաշերը հաճախ ուղեկցվում են ընտանեկան ջերմ զրույցներով։

Հոդվածն ավարտվում է հեղինակի ուղերձով ճամփորդներին. «Եթե փնտրում եք ուղղություն, որը ձեզ կմիացնի անցյալի հետ ու կներկայացնի անկեղծ հյուրընկալություն, ապա Հայաստանը արժե ընդգրկել ձեր ճամփորդական ցանկում»: