Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տնտեսական հեռանկարին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առևտրային կապերը շուտով դառնալու են անխուսափելի։
Նա հայտարարել է, որ մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն՝ Ադրբեջանի, հայտնում է Panorama.am-ը։
«Ես մի անգամ նման բան ասել եմ, ինձ քննադատեցին։ Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք միասնական շուկա։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի ու մնացած քաղաքների խանունթերում, և դա ան-խու-սա-փե-լի է։ Ինչքան էլ ուզում եք, կենացներ խմեք, ասել ասող, թռեք օդ, իջեք ներքև, անխուսափելի է»,- հայտարարել է Սիմոնյանը։
Նրա համոզմամբ, մարդիկ գնալու են Ադրբեջանից բենզին գնելու, քանի որ այնտեղ էժան է։






