Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիներին և առևտրաշրջանառության ավելացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև հարաբերությունների խորացման հեռանկարները մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային տնտեսություն և զբոսաշրջություն։
Հանդիպման մասնակիցները կարևորել են երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ներդրումային միջավայրի բարելավման և նոր նախագծերի խթանման ուղղությամբ։
Քննարկման կարևոր մաս է կազմել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ այն ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև ուղղված է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ նպաստելով համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։
Նախարարը հավելել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձն ու աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման հարցերում։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






