ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միայն նախագծին ծանոթանալուց հետո կարող է անցնել ԱՄՆ-ում համաձայնեցված տրանսպորտային միջանցքի քննարկմանը, որը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կցանկանայի ընդգծել, որ վերջնական պատկերացումը, թե ինչպես է այս տրանսպորտային երթուղին գործելու գործնականում, մենք կարող ենք ձևավորել միայն այն ժամանակ, երբ ծանոթանանք այս նախագծի կոնկրետ մանրամասներին։ Առայժմ դա տեղի չի ունեցել», – ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողների ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործընթացներին, այդ թվում՝ հաղորդակցության ապաշրջափակման հարցում, պետք է առաջին հերթին ուղղված լինի տարածաշրջանային երկրների և նրանց անմիջական հարևանների շահերին։
Զախարովան ընդգծել է նաև, որ հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել լրացուցիչ հանգամանքներ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մեջ, «Հարավկովկասյան երկաթուղին» հանդիսանում է Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն, իսկ ռուս սահմանապահները միջազգային պայմանագրի համաձայն ապահովում են սահմանների պահպանությունը այն տարածքում, որտեղ նախատեսվում է անցկացնել նշված երթուղին։
«Հիշեցնեմ նաև, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք են բերվել բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ։ Դրանք շարունակում են պահպանել իրենց արդիականությունը նաև այսօր։ Այդ պատճառով մենք հույս ունենք այս թեմայով արդյունավետ երկխոսության շարունակության վրա հայկական կողմի հետ», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համատեղ հայտարարություն։ Համաձայն պայմանավորվածության՝ Հայաստանի Սյունիքի մարզով կանցնի ճանապարհ, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այս ճանապարհը ստացել է «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումը։ Ադրբեջանում այն նաև կոչում են «Զանգեզուրի միջանցք»։






