Այն միգրանտները, ովքեր խախտել են օրենքը, չեն կարող ազատ մուտք գործել Ռուսաստան։ Նույնիսկ ՌԴ–ում ընտանիք ունենալը չի ազատում նրանց Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատական գործի հիմքում վիետնամցի կնոջ դեպքն է։ 2023 թ. սեպտեմբերին նա ժամանել է Ռուսաստան՝ եռամսյա վիզայով, սակայն վիզայի ժամկետը լրանալուց հետո երկիրը չի լքել և մնացել է Ռուսաստանում ևս 193 օր՝ թույլատրելի ժամկետը գերազանցելով։ Երբ նա կրկին փորձել է մուտք գործել երկիր, նրան մերժել են՝ նշելով միգրացիոն օրենսդրության խախտումը։
Կինը վիճարկել է այդ որոշումը՝ ընդգծելով, որ իր ամուսինը՝ բնակության թույլտվությամբ, և իրենց անչափահաս որդին բնակվում են Ռուսաստանում։ Նա նաև ծրագրել է փաստաթղթեր ներկայացնել բնակության թույլտվության համար։ Երկու ատյանների դատարանները ընդունել են նրա պահանջը, սակայն բողոքարկման դատարանը բավարարել է ոստիկանության բողոքը՝ չեղարկելով նախորդ որոշումները։
«Ըստ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության՝ երկրի մեջ անխոչընդոտ մուտք գործելու իրավունքը ճանաչվում է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, իսկ ազատ տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու իրավունքը՝ միայն նրանց, ովքեր օրինական հիմքով գտնվում են Ռուսաստանի տարածքում», – նշել է դատարանը։






