Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակը պաշտոնական նամակով պատասխանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրությանը, որով նա մտահոգություն էր հայտնել գործարար Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։ Մարուքյանը հրպարակել է նամակը ֆեյսբուքյան իր էջում։
Պատասխանում ասվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է այս զարգացումներին, սակայն նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է ՀՀ իշխանություններին։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է»,–ասվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանում։
Նամակը ստոագրել է Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Դերեն Դերյան։
Մարուքյանը հուլիսի 14-ին հայտնեց՝ նամակներ է հղել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային՝ հորդորելով վերջիններիս չներգրավվել այն գործընթացներում, որոնք կարող են խարխլել ժողովրդավարական հիմքերը Հայաստանում։ Իր ուղերձում նա մասնավորապես անդրադարձել էր բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմը առաջնորդող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված գործողություններին։






