2025-2026 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում սովորողների ընդհանուր թիվը կազմելու է 2686։ Նրանցից 2088-ը հաճախելու են նախակրթարան և միջնակարգ դպրոց, իսկ 598-ը՝ ավագ դպրոց։
Ստամբուլի Բոմոնթի թաղամասի Մխիթարյան դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է շենքի սեյսմակայունության բարելավման աշխատանքների պատճառով։ Դպրոցի 22 աշակերտներն արդեն տեղափոխվել են այլ հայկական վարժարաններ, հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ հիմնադրամի՝ 16 աշակերտ գրանցվել է Թոփքափըի Լևոն Վարդուհյան, Սամաթյայի Անարատ Հղության, Փանգալթըի Մխիթարյան, Պեզջիյան, Օրթաքյոյի Թարգմանչաց և Ֆերիքյոյի Մերամեդչիյան դպրոցներում։
Վերջին տարիներին հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը դարձել է շարունակական։ Եթե 2021-2022 ուսումնական տարում սովորում էր 3016 աշակերտ, ապա 2022-2023-ին՝ 2865, 2023-2024-ին՝ 2795, իսկ 2024-2025-ին՝ 2695։
Նույն միտումն արձանագրվել է նաև ընդունելության տվյալներում․ եթե 2022-ին ընդունվել էր 480 նոր աշակերտ, ապա 2025-ին ընդունվել է ընդամենը 421։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։






