Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով՝ «Արցախ /Լեռնային Ղարաբաղ/, էթնիկ զտումից երկու տարի անց» խորագրով։ Միջոցառման նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, պատգամավոր Էմանուել Մանդոնին, հայտնում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը։
Այն կազմակերպվում է Արցախի հայաթափման ողբերգական զարգացումները վերարժևորելու, դրանց քաղաքական և իրավական արդյունքները վերլուծելու նպատակով։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը իրականացրել է լայնամասշտաբ ռազմական ներխուժում Արցախի Հանրապետության տարածք՝ ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր են արձանագրվել։ Ռմբակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումը ավարտվել է Լեռնային Ղարաբաղի բռնի բռնակցմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչը հանգեցրել է հայ բնակչության զանգվածային տեղահանման և էթնիկ զտման»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդաժողովին իրենց մասնակցությունը կունենան Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ, դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ և լրագրողներ։
Միջոցառման հիմնական նպատակը Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման փաստերի ներկայացումն է, միջազգային հանրության ուշադրությունը խնդրին հրավիրելը և քննարկում ծավալելը այն քաղաքական ու իրավական հեռանկարների շուրջ, որոնք կարող են ձևավորել Արցախի ապագան։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






