AM
16 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

Շրջանառության մեջ է դրվել «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դնում։

Դիմերեսին պատկերված է Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն։ Դարձերեսին՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ։

Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես)։ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։

Հուշադրամի տեխնիկական պարամետրերն են՝ անվանական արժեք՝ 100 դրամ, մետաղ՝ արծաթ 9250 հարգի, քաշ՝ 28,28 գրամ, չափ՝ 28,0 x 40,0 մմ, որակ՝ պրուֆ, դրամաշուրթ՝ հարթ, թողարկման տարեթիվ՝ 2025, թողարկման քանակ՝ 300 հատ։

ՀՀ ԿԲ հուշադրամները հնարավոր է ձեռք բերել «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ շենքում և հասանելի է հանրությանը։

Մալյանի ստեղծագործական ժառանգության մեջ ընդգրկվում են մի շարք նշանավոր և մրցանակների արժանացած ֆիլմեր, որոնցից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.), «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.)։ Նրա աշխատանքները ներկայացվել են միջազգային հեղինակավոր կինոփառատոներում՝ Կաննում, Դելլիում, Լոնդոնում, Հոնկոնգում, Սան Ռեմոյում, Տոկիոյում, Մանիլայում, ինչպես նաև խորհրդային ու հայկական ֆիլմերի տասնօրյակներում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում և այլ երկրներում։