AM
16 Սեպտեմբեր 2025 - 10:16 AMT

ՌԴ–ում կալանավորվել է գործարար Ամիրխանյանը՝ Ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով

Մոսկվայի մարզի դատարանը կալանքի որոշում է կայացրել գործարար Արայիկ Ամիրխանյանի նկատմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործի շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

«Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ Կիվայի սպանության գործի շրջանակում», — ասել է աղբյուրը։

Միաժամանակ նշվել է, որ Ամիրխանյանը մինչ այդ արդեն գտնվում է կալանքի տակ՝ կաշառք տալու համար։

Ամռան սկզբին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում և տուգանքի՝ ընկերության հաշվեհամարներից արգելանք հանելու համար դատական կատարածուին երկու անգամ ապօրինաբար գումար փոխանցելու փաստով։ Օգոստոսի վերջին վերաքննիչ ատյանն օրինական է ճանաչել այդ դատավճիռը։

Իլյա Կիվայի դին հայտնաբերվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Մոսկվայի մարզի Սուպոնևո գյուղում։ Նախաքննության տվյալներով՝ երեկոյան անծանոթ անձը նրան կրակել է առանձնատներից մեկի բնակելի համալիրի այգում, ինչի հետևանքով նա մահացել է տեղում։

Ավելի ուշ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է, որ Կիվան սպանվել է «Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության ընթացքում»։