AM
16 Սեպտեմբեր 2025 - 12:06 AMT

Լավրով․ Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներ «Ինտերտեսիլ» մրցույթում՝ ընդգծելով, որ Երևանը նախապես իմացել է այդ նախաձեռնության ընթացքի մասին։

Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլին», իսկ Ադրբեջանը հրաժարվել է նախնական հայտից։ Մրցույթին ավելի քան 20 երկիր կմասնակցի, գրում է Sputnik Արմենիան։

«Մեր հայ բարեկամները քաջատեղյակ էին մրցույթի մասին, և այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչներ չկան, մեզ չէ, որ պետք է տաք։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում նաև մեր հայ բարեկամներին», – հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, և շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն հյուրընկալելու հաջորդ տարի։

«Այս նախագծի հանդեպ շատ մեծ հետաքրքրություն կա, երկրների քանակը՝ 23՝ ներառյալ Ռուսաստանը, բայց հաստատ եղել են նաև այլ ցանկացողներ։ Մենք ոչ ոքի չենք սահմանափակել։ Ուրախ ենք, որ բոլոր մայրցամաքները ներկայացված կլինեն։ Դե, բացի Ավստրալիայից։ Եվ կա հետաքրքրություն, արդեն մի քանի գործընկերներ ցանկություն են հայտնել հյուրընկալել այդ մրցույթը հաջորդ տարի և նույնիսկ երկու տարի անց։ Այսպես որ, հուսով եմ՝ կդարձնենք այս մրցույթը ամենամյա։ Առնվազն հետաքրքրությունը կա», — նշել է նախարարը լրագրողների հետ զրույցում։

«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական ​​մրցույթը էստրադային երգի մրցույթ է, որը կազմակերպել է Ռադիոհեռարձակման և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (OIRT):