Հայ շախմատիստները վարկանիշային առաջընթաց են գրանցել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Գրանդ Սվիս 2025» մրցաշարում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 33 պետություններից ժամանած 116 առաջատար շախմատիստ։
Լարված մրցակցության արդյունքում, 8 միավոր հավաքած Անիշ Գիրին (Նիդերլանդներ) զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ստացել է 2026 թվականի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ Նույն իրավունքը ստացել է նաև Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), ով 7.5 միավորով գրավել է երկրորդ տեղը։
Հայ շախմատիստների ցուցանիշները 11 խաղափուլից հետո հետևյալն են եղել․
Շանթ Սարգսյանը՝ 6.5 միավոր
Արամ Հակոբյան՝ 6 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր
Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 20-րդ հորիզոնականը և միջազգային վարկանիշը բարձրացրել է 14.1 կետով։
Արամ Հակոբյանը գրավել է մրցանակային 30-րդ հորիզոնականը՝ ավելացնելով իր վարկանիշը 13.3 միավորով։
Կանանց մրցաշարին մասնակցել է 26 երկրից ժամանած 56 ուժեղագույն շախմատիստուհի։
8 միավորով առաջին հորիզոնականում Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան) է հայտնվել, իսկ նույնքան միավորով երկրորդ տեղը գրավել է Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ)․ երկուսն էլ իրավունք են ստացել մասնակցելու կանանց հավակնորդների մրցաշարին։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6 միավոր՝ հայտնվելով մրցանակային 18-րդ հորիզոնականում։
Լիլթ Մկրտչյանը մրցաշարը ավարտել է 4.5 միավորով։






