Բաքվում շարունակվել է գործարար ու բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով դատական ֆարսը։ Վարդանյանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել։
Առաջին միջնորդությամբ նա պահանջել է «իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննել մի շարք անձանց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչներին, հայտնում է Minval.az-ը։
Նրա պաշտպան Ավրաամ Բերմանը նշել է, որ աջակցում է այդ միջնորդությանը։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևն ու պետական մեղադրանքը ներկայացնող գլխավոր դատախազության վարչութեան բաժնի պետ Նասիր Բայրամովը նշել են, որ մեղադրյալի թվարկած անձինք «կապ չունեն գործով մեղադրանքների հետ»։
Ասվել է նաև, թե ապացույցների ցանկն ու դրանց քննության հերթականությունն արդեն սահմանված են և այդ պատճառով պդատախազները միջնորդությունը թողնել են առանց քննության։
Դատավարությանը ներկա «տուժողները» խնդրել են դատարանին մերժել միջնորդությունը։
Այնուհետեւ Վարդանյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ նշելով, որ զինծառայող չէ և հետևաբար չի ընդունում, որ իր քրեական գործը քննվի ռազմական դատարանում։ Նրա պաշտպանն ասել է, որ աջակցում է այդ միջնորդությանը։
Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարականներով օգնական Տուգայ Ռագիմլին ընդգծել է, որ քանի որ մեղադրանքներից մի քանիսը համարվում են ռազմական հանցագործություններ, գործը ենթակա է քննության ռազմական դատարանում։ Պետհայց ներկայացնող դատախազը խնդրել է մերժել միջնորդությունը։
Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ այս հարցն արդեն քննարկվել է նախապատրաստական նիստում, և բոլոր կողմերին՝ նաև պաշտպանին, ներկայացվել են դատավարական պատկանելիության վերաբերյալ մանրամասները։
Վարդանյանը հաջորդ միջնորդությամբ խնդրել է իրեն և իր պաշտպանին տրամադրել որոշումները՝ նախորդ նիստերում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ, ինչպես նաև որոշումների քաղվածքները։ Պաշտպանը պահանջել է բավարարել միջնորդությունը։
Դատավորը նշել է, որ մեղադրյալին արդեն ստեղծվել են պայմաններ ծանոթանալու նիստերի արձանագրություններին և միջնորդություններից բխող որոշումներին, և որ ապաագայում նման ծանոթությունները շարունակվելու են նույն կարգով։
Մեկ այլ միջնորդությամբ Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքի հետ և պահանջել է «հարցաքննել այն անձանց, որոնք նախկինում եղել են Ռուսաստանի խաղաղապահ ուժի զորքի հրամանատարները Ղարաբաղում»։ Պաշտպանը նույնպես աջակցել է։
Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարությունը, որը նախկինում գործում էր Ղարաբաղում, գործի հետ կապ չունի, և որ մեղադրանքները օրինականորեն գնահատվելու են դատավարության ավարտին։ Միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ կրկին հնարավորություն տալով ներկայացնել այն ապագայում։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։






