AM
17 Սեպտեմբեր 2025 - 06:46 AMT

Էուլջեքջյանի փաստաբանը դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն արձագանքել է Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանի կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ հրապարակումներին՝ խոսքը APA գործակալության մասին է, գրում է «Փաստինֆոն»։

Ադրբեջանական աղբյուրը պնդել է, թե 20 տարվա ազատազրկման դատապարտված Էուլջեքջյանը հացադուլի մեջ չէ, սակայն ուշագրավ է, որ այս պնդումը հիմնված չէ որևէ պետական կառույցի պաշտոնական տեղեկատվության վրա, այլ հղվում է միայն «սեփական հավաստի աղբյուրներին»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Էուլջեքջյանի արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը ողջունել է ադրբեջանական մամուլի արձագանքը՝ նկատելով, որ հրապարակումները հասել են հասցեատերերին, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ առանց հստակ աղբյուրի նման տեղեկությունները չեն կարող համարվել արժանահավատ։

Նա ընդգծել է. «Նրանք որևէ հիմք չունեն դա ասելու։ Հետևապես մենք խնդրում ենք Ադրբեջանի օմբուդսմենին այցելել Վիգենին, խնդրում ենք, որ «Apa news Azerbaijan»-ը այցելի բանտում գտնվող Վիգենին և հարցազրույց վերցնի նրանից, նաև խնդրում ենք թույլ տալ Վիգենին անհապաղ զանգահարել կնոջը՝ Լինդային և ընտանիքին։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ նրա կյանքը վտանգված է»։

Վիգեն Էուլջեքջյանը, որը 46 տարեկան է և ունի Հայաստանի ու Լիբանանի քաղաքացիություն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, գերեվարվել է Լեռնային Ղարաբաղում՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Նա համարվում է Ադրբեջանի բանտերում պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկը։

Էուլջեքջյանն արդեն մի քանի անգամ է դիմել հացադուլի՝ բողոքելով իր իրավունքների խախտման դեմ։ 2023 թվականին նա 24 օր հացադուլ է հայտարարել այն պատճառով, որ իրեն արգելել են կնոջ հետ խոսել արաբերեն, փոխարենը պարտադրելով օգտագործել հայերեն՝ մի լեզու, որը նրա կինը չի հասկանում։

2024 թվականի մայիսին նա նորից հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի այն հանգամանքի դեմ, որ նրան ընդհանրապես արգելվել է կապ հաստատել կնոջ հետ։ Այդ ակցիայից հետո նրան թույլ է տրվել ամսական մեկ անգամ զանգահարել։ Իսկ հունիսին հաղորդվել է, որ հերթական զանգը հնարավոր է դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ։