«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։
Միջոցառման ընթացքում որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է քաղաքապետարանը։
● Հոկտեմբերի 4-ին՝ առաջին փուլում, վազքի մեկնարկը կտրվի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ գտնվող տարածքից, որը փակ կլինի ավտոմեքենաների համար։ Այդ օրը նախատեսված են հետևյալ վազքերը՝
– մանկական 1 կմ վազք,
– 5 կմ մրցատարածություն՝ նախատեսված մեծահասակների համար։
● Մանկական վազքի մեկնարկ․ Առաջին փուլում, հոկտեմբերի 4-ին՝ ժ. 09:00-ին Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի մանկական վազքին, որը կձգվի դեպի Դավթաշենի կամուրջի ուղղությամբ 500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:
● 5 կմ վազքի մեկնարկը նախատեսված է նույն օրը՝ ժամը 10:00-ին, նույն վայրից։ Մրցատարածությունն ընդգրկում է Հրազդանի կիրճը՝ «Ֆլորենս»-ից մինչև Դավթաշենի կամուրջ 2500 մետր, այնուհետև վերադարձ մեկնարկային կետ։ Վերջին մասնակիցների հետևից այստեղ ևս կընթանա հեծանվորդ կամ վազորդ։
● Հոկտեմբերի 5-ին՝ Երևան մարաթոնի ավանդական վազքուղով.
– 42,2 կմ (մարաթոն) վազք,
– 21,1 կմ (կես մարաթոն) վազք,
– 12 կմ մրցատարածություն,
42 կմ, 21 կմ, 12 կմ վազքերի մեկնարկ։ Երկրորդ փուլում, հոկտեմբերի 5-ին՝ ժ. 08:00-ին Վազգեն Սարգսյան փողոցից մեկնարկ կտրվի 42կմ մրցատարածություն վազքին: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային կետում:
Երևանի մարաթոնը տարածաշրջանում միակ 42 կմ մարաթոնյան վազքն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում։






