AM
18 Սեպտեմբեր 2025 - 09:23 AMT

Փաշինյանը՝ արևային էներգիայի մասին․ Երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը և դրա արտահանման հեռանկարները։

«Էլեկտրաէներգիան աշխարհում գնալով ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանք է և մենք պետք է գտնենք ձևերը մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու, էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկում պետք է նեդրումային որոշ հետաքրքրություն ներկայացնի»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունն ու կրիպտոարժույթները, սպառում են աննախադեպ քանակությամբ էներգիա, ինչն էլ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել նոր ներդրումներ ներգրավելու համար։

«Արևային էներգիայի զարգացումըմենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողնենք զարգանա, մենք պետք է հասնենք դրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով»,–նշել է նա։

Նա հավելել է, որ վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն ապագայի հեռանկար է, այլ հենց այսօր իրագործվող ռազմավարական քայլ։

«Մենք պետք է հետևողական գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ապագան է դա, էսօր էդտեղ էլ է ապագան, էսոր ինչքան շատ արևային կայաններ, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, էնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում հենց էսօր»,–նշել է վարչապետը։

Փաշինյանը նախարար Դավիթ Խուդաթյանին առաջարկել է առաջիկայում կազմակերպել քննարկումներ այս ուղղությամբ։

Խուդաթյանը իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան և Իրան։

«Երբեմն բացի ՀԱԷԿ-ից ստիպված ենք լինում մեր բոլոր հզորությունները հանել էներգահամակարգից, օրվա որոշակի ժամին, երբ արևային կայանները մեծ թվով արտադրանք են տալիս»,- հայտարարել է ՏԿԵ նախարարը։

Վարչապետը արձագանքել է դրան՝ շեշտելով դրական կողմը։

«Դուք ասում եք ցավոք սրտի, որովհետև ձեր համար դժվարութուններ կան։ Ես ասում եմ բարեբախտաբար, որովհետև ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրած հոսանքը կարողանում ենք ամբողջ մեր ներքին կարիքը բավարարել։ Դուք հասկանում եք, թե մենք ինչ ռազմավարակ խնդիր ենք լուծել։ Մենք Ատոմակայանից կրկնակի ավել, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի: Ոչ մեկը չի էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել ելույթ չրենք ուենցել»,–ասել է վարչապետը։

Մինչդեռ 2025թ․ հուլիսի 1-ին ավարտվել է պետական սուբսիդավորմամբ արևային կայանների ձեռքբերման ծրագիրը։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ծրագիր մեկնարկելու նոր մտադրություն չկա, քանի որ արևային էներգետիկայի չափազանց արագ զարգացումը համակարգում հանգեցրել է լուրջ խնդիրների։

Ծրագրով արևային համակարգ տեղադրելու համար կար պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից: Հնարավոր էր տեղադրել արևային համակարգ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով։