AM
18 Սեպտեմբեր 2025 - 13:56 AMT

Ասադով. «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կավելացնի Միջին միջանցքի թողունակությունը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը կավելացնի Միջին միջանցքի թողունակությունը»։ Այդ մասին նա ասել է Բիշքեկում անցկացվող թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների և նրանց տեղակալների առաջին հանդիպման ժամանակ։

«Մեր համագործակցությունը տրանսպորտի ոլորտում արագորեն զարգացել է և զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։ Աճել է Միջին միջանցքի նշանակությունը, որն անցնում է թյուրքալեզու պետությունների տարածքով և ռազմավարական դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի ընդլայնման տեսանկյունից»,–ասել է նա, գրում է APA-ն։

Ասադովը նշել է, որ այս համատեքստում պատմական նշանակություն ունեն Վաշինգտոնում վերջերս ձեռք բերված այն համաձայնագրերը, որոնք նախատեսում են Ադրբեջանի հիմնական տարածքը միացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

«Զանգեզուրի միջանցքի բացումը ոչ միայն նոր տնտեսական ու տարանցիկ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի բոլոր պետությունների համար, այլև մեծացրել է միջանցքի թողունակությունը՝ դառնալով Միջին միջանցքի մի մասը», – նշել է նա։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաները, խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, նույնիսկ չեն հիշատակում, որ այն անցնելու է ՀՀ տարածքով: