ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, որ ՀՀ գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ–ում նրա պարտավորություններին։
Նա ընդգծել է, որ Հայաստանի հայտարարությունները՝ Եվրոպական միությանը միանալու կամքով, այժմ ընդամենը «քաղաքական դեկլարացիաներ» են, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Միևնույն ժամանակ բազմիցս ընդգծվել է, այդ թվում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միություններում անդամ լինելը անհնար է ըստ նրանց էության։ Այս պահին Հայաստանի գործողությունները չեն հակասում նրա պարտավորություններին ԵԱՏՄ‑ում։ Կտեսնենք դեռ գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ՝ դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։ Գլխավորն այն է, որ այդ համագործակցությունը չհակասի Միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։ Առայժմ նման բան չկա», – ասել է պաշտոնյան։
Դիվանագետի խոսքով, Հայաստանի մասնակցության բնույթը միությանը չի փոխվել՝ այն մնում է կառուցողական, երկիրը «ակտիվ աշխատում է ԵԱՏՄ‑ում և տեսնում է իր մասնակցությունից բխող առավելությունները»։
«Այո, ապրանքաշրջանառությունը նվազել է, բայց սա փոփոխական իրավիճակ է։ Մինչ այդ եղել է աճ, հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի սովորական հունին։ 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության սկզբից ի վեր «Հայաստանի առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»,–ասել է նա։
ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության սպասվող փոփոխություններին անդրադառնալով՝ նախարարության դեպարտամենտի ղեկավարը ընդգծել է, որ վիճակագրությունը «ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ցուցադրում», քանի որ գործընկերները ԵԱՏՄ‑ում «գլխավոր տեղեր են զբաղեցնում» փոխադարձ առևտրում։
«Իհարկե, կան գործոններ, որոնք ազդում ենև աճի, և նվազման ուղղությամբ։ Բայց ընդհանուր առմամբ դինամիկան դրական է, համագործակցությունը փոխշահավետ է բոլոր անդամ պետությունների համար», — ասել է Աղասանդյանը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։






