AM
19 Սեպտեմբեր 2025 - 08:23 AMT

Շերման․ Ոչ ոք չպետք է բանտարկվի հասարակ քաղաքական գործունեության պատճառով

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, մեկնաբանելով Հայաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև հոգևորականների կալանավորումը, ասել է, որ ոչ ոք չպետք է բանտարկվի հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է, որ «Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ»։

«Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով»,– նշել է նա։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։