AM
19 Սեպտեմբեր 2025 - 08:45 AMT

ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025-ին աճել է ավելի քան 30%-ով

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30.4 տոկոսով։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական Սերգեյ Մուրադյանը՝ ելույթ ունենալով «State&Tech bridge» քննարկման ընթացքում։

«2025 թվականը համադրած 2024 թվականի առաջին կիսամյակի հետ՝ մենք ունենք ոլորտի շրջանառության էական աճ՝ ավելի քան 30.4 տոկոսով։ Ունենք նաև աշխատողների թվաքանակի աճ․ միայն հունիս-հուլիս ամիսներին ոլորտում աշխատողների քանակն ավելացել է 878-ով»,– նշել է Մուրադյանը, հայտնում է Արմենպրեսը։

Քննարկմանը մասնակցություն են ունեցել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային առաջատար ընկերությունների՝ NVIDIA, Data Art, Service Titan, Siemens, AMD և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են ՏՏ ոլորտի համար նախատեսված հարկային արտոնություններին, հետազոտության և զարգացման (R&D) խթանման գործիքակազմին, ինչպես նաև հարկային վարչարարության առանձնահատկություններին։

Միջոցառման նպատակը գործադիր իշխանության և ՏՏ ոլորտի միջև արդյունավետ երկխոսության ձևավորումն է եղել՝ ուղղված օրենսդրական կիրառման ընթացքում առաջացող խնդիրների հանգուցալուծմանը և ոլորտի կայուն զարգացման խթանմանը։