Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների նախագծին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում, որն անցկացվել է հեռավար ձևաչափով։
Նիստին մասնակցել է նաև Ղազախստանի փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Քննարկման արդյունքներով երկու կողմերի փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում ամրագրվել են համագործակցության հիմնական ուղղությունները՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում։
Գրիգորյանն իր ելույթում շեշտել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, և նշել է առևտրատնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի գոյությունը։ Նա ընդգծել է, որ արդեն իսկ գործում է բեռնափոխադրումների երթուղի Չինաստան–Ղազախստան–Ուզբեկստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան ուղղությամբ, ինչը վկայում է տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
«Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ»,– նշել է փոխվարչապետը։
Նա հավելել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրագործման համատեքստում։
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնվելով փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամական կապերի վրա։






